Տոնական երեկոն ավարտվեց գեղեցիկ ծեսով՝ լուսավոր լապտերների արձակմամբ, որոնց վրա գրված էին մասնակիցների նվիրական ցանկությունները։
Ռուս-Հայկական համալսարանի Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 25-ին նշեց չինական ավանդական ամենավառ տոներից մեկը՝ Աշնանամիջի տոնը կամ Լուսնի տոնը (中秋节)։
Այդ երեկո ուսանողները, դպրոցականներն ու հյուրերը հայտնվեցին իսկական հեքիաթային մթնոլորտում․ նրանք երգեցին, նվագեցին երաժշտական գործիքներ և ներկայացրին ավանդական պարեր։ Տոնական երեկոն ավարտվեց գեղեցիկ ծեսով՝ լուսավոր լապտերների արձակմամբ, որոնց վրա գրված էին մասնակիցների նվիրական ցանկությունները։
«Աշնանամիջի տոնը ներդաշնակության, ջերմության և հաճելի շփման ժամանակաշրջան է։ Մեզ համար կարևոր էր ոչ միայն ներկայացնել Չինաստանի ավանդույթները, այլև յուրաքանչյուրին հնարավորություն տալ զգալ այդ յուրահատուկ միասնության մթնոլորտը և առնչվել կենդանի մշակույթին», — նշել է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը։
Նա նաև պատմել է, որ Աշնանամիջի տոնի հետ կապված են բազմաթիվ լեգենդներ։ Ամենահայտնիներից մեկը պատմում է նետաձիգ Հոու Իի, նրա կնոջ՝ Չան’Էի, և Նեֆրիտե նապաստակի մասին։ Արքայադստեր և նապաստակի կերպարները մեծ տարածում ունեն նաև ժամանակակից չինական մշակույթում․ հենց լուսնի աստվածուհի Չան’Էի անունով է կոչվում Չինաստանի լուսնային տիեզերական ծրագիրը, իսկ դրա առաջին լուսագնացը պաշտոնապես ստացել է «Յույտու» («Նեֆրիտե նապաստակ») անունը։